Պատայայի լրատվամիջոցները հաղորդում են մեծ քանակությամբ առնետների մասին, որոնք հեղեղել են թայլանդական Պատայա հանգստավայրի լողափի հարավային հատվածը՝ Բալի Հայ նավահանգիստը:

Ըստ «Իմ մոլորակը» պարբերականի, հազարավոր կրծողները միացել են հազարավոր զբոսաշրջիկներին, որոնք ամեն օր այցելում են հանրահայտ այդ վայր: Մարդիկ լողափին հանգստանում են, ուտում, ծովային զբոսանքի ուղեւորվում, իսկ առնետները հավաքում են նրանցից հետո մնացած ուտելիքը եւ թաքցնում ժամանակին չհավաքվող աղբի տոպրակների արանքում:

Pattaya One կայքի թղթակիցները նավահանգիստը շրջապատող ժայռի շուրջ հարյուրավոր առնետներ են հաշվել եւ իրենց զեկույցն ուղարկել քաղաքային վարչակազմին՝ հույս ունենալով, որ իշխանություններն անհապաղ միջոցներ կձեռնարկեն:

«Առնետները ոչ միայն փչացնում են լողափից արտաքին տպավորությունը, այլեւ կարող են առողջության հետ կապված խնդիրների պատճառ դառնալ»,- ահազանգ են հնչեցնում տեղական լրագրողները: