Գյումրիում հունվարի 12-ին Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին Հայաստանում դատելու եւ պատժելու պահանջով բողոքի ակցիայի ժամանակ բերման ենթարկված կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանին բերման ենթարկելուց 3 ժամ անց բաց են թողել ոստիկանությունից: NEWS.am-ի հետ զրույցում կինոռեժիսորն ասաց, որ  ոստիկանությունում խոսել է միայն ռուսերեն եւ հայտարարել, որ ինքը Վալերի Պերմյակովն է:

«Ես ցուցմունք չէի տալիս, անընդհատ պնդում էի, որ ես ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովն եմ, պահանջում էի, որ ինձ ներկայացնեն նրա անունով: Ես ասացի, որ հանձնվում եմ հայկական ոստիկանությանը: Հրաժարվում էի խոսել հայերեն, ինչը որոշակի անհարմարություններ առաջացրեց իրենց համար»,- ասաց Տիգրան Խզմալյանը՝ նշելով, որ ոստիկանությունում ոչ մի փաստաթուղթ չի ստորագրել:

Հիշեցնենք, որ այսօր հարյուրավոր քաղաքացիներ բողոքի ակցիա անցկացրին ՌԴ դեսպանատան մոտ, որտեղ բախումներ տեղի ունեցան ոստիկանների եւ ակտիվիստների միջեւ: Բերման ենթարկվեցին կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը եւ մեկ ակտիվիստ: Ակցիայի մասնակիցները դեսպանատան մոտից երթով շարժվեցին դեպի ՀՀ գլխավոր դատախազություն, որտեղից բերման ենթարկեցին վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանին եւ եւս մեկ ակտիվիստի:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում հրազենային վնասվածքներից սպանված են գտել Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին, այդ թվում՝ մեկուկես տարեկան դուստրը: Վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը վնասվածքներ էր ստացել եւ տեղափոխվել է հիվանդանոց: Նրա վիճակը կայուն ծանր է:

Կասկածյալը՝ ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովը ձերբակալվեց նույն օրը կեսգիշերին մոտ, ըստ պաշտոնական տվյալների՝ հայ-թուրքական սահմանի մոտ: Ներկայումս նա գտնվում ռուսական ռազմակայանում: Նրան կալանավորել են եւ մեղադրանք են առաջադրել Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ (երկուսից ավելի մարդկանց սպանություն) եւ 338-րդ հոդվածի 2-րդ մասի (դասալքություն՝ ծառայողական զենքով): Սպանության փաստով քրգործ է հարուցվել նաեւ ՀՀ Քննչական կոմիտեում:

ՀՀ գլխավոր դատախազության մեկնաբանմամբ, նա գտնվում է  ՌԴ իրավազորության ներքո եւ դատվելու է ռուսական օրենսդրությամբ: Այս որոշումը հանրային բողոքի լայն ալիք է բարձրացրել, վերջին օրերին բողոքի ակցիաներ եւ մոմավառություններ են եղել Երեւանում, Գյումրիում, այլ քաղաքներում: