Գյումրիում հունվարի 12-ին Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին Հայաստանում դատելու եւ պատժելու պահանջով բողոքի ակցիայի ժամանակ այսօր՝ հունվարի 15-ին բերման ենթարկված վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանի նկատմամբ ոստիկանությունում վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն է կազմվել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արգիշտի Կիվիրյանը՝ նշելով, որ իրեն մոտ 3 ժամ պահել են ոստիկանությունում, արձանագրությունը կազմել են վարչական իրավախախտման վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով:
«Իմ դեմ վարչական վարույթ է հարուցվել, իբր ես չեմ կատարել ոստիկանի օրինական պահանջը: Բայց դա սուտ է, բոլոր ականատեսները տեսել են, որ ինձ ոչ մի օրինական պահանջ չի ներկայացվել: Սա վկայում է Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների սկանկության մասին: Իրենք փոխանակ կարողանային վնասազերծել Գյումրու ողբերգության կասկածյալին, մասնագիտացել են բողոքի ակցիայի մասնակիցներին ճնշելու գործում»,- ասաց Արգիշտի Կիվիրյանը՝ նշելով, որ սա իր դեմ հարուցված 6-րդ վարչական վարույթն է:
Նշենք, որ այսօր անցկացված բողոքի ակցիայի ժամանակ բերման էին ենթարկվել 4 քաղաքացի, որոնք բոլորն ազատ են արձակվել:
Հիշեցնենք, որ այսօր հարյուրավոր քաղաքացիներ բողոքի ակցիա անցկացրին ՌԴ դեսպանատան մոտ, որտեղ բախումներ տեղի ունեցան ոստիկանների եւ ակտիվիստների միջեւ: Բերման ենթարկվեցին կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը եւ մեկ ակտիվիստ: Ակցիայի մասնակիցները դեսպանատան մոտից երթով շարժվեցին դեպի ՀՀ գլխավոր դատախազություն, որտեղից բերման ենթարկեցին վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանին եւ եւս մեկ ակտիվիստի:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում հրազենային վնասվածքներից սպանված են գտել Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին, այդ թվում՝ մեկուկես տարեկան դուստրը: Վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը վնասվածքներ էր ստացել եւ տեղափոխվել է հիվանդանոց: Նրա վիճակը կայուն ծանր է:
Կասկածյալը՝ ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովը ձերբակալվեց նույն օրը կեսգիշերին մոտ, ըստ պաշտոնական տվյալների՝ հայ-թուրքական սահմանի մոտ: Ներկայումս նա գտնվում ռուսական ռազմակայանում: Նրան կալանավորել են եւ մեղադրանք են առաջադրել Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ (երկուսից ավելի մարդկանց սպանություն) եւ 338-րդ հոդվածի 2-րդ մասի (դասալքություն՝ ծառայողական զենքով): Սպանության փաստով քրգործ է հարուցվել նաեւ ՀՀ Քննչական կոմիտեում:
ՀՀ գլխավոր դատախազության մեկնաբանմամբ, նա գտնվում է ՌԴ իրավազորության ներքո եւ դատվելու է ռուսական օրենսդրությամբ: Այս որոշումը հանրային բողոքի լայն ալիք է բարձրացրել, վերջին օրերին բողոքի ակցիաներ եւ մոմավառություններ են եղել Երեւանում, Գյումրիում, այլ քաղաքներում:




























