Տոկիոյի շրջանային դատարանում հունվարի 16-ին մեկնարկելու է «Աում Սինրիկյո» կրոնական աղանդի վերջին ղեկավարի՝ արդարադատությունից երկա ժամանակ թաքնված Կացույա Տակահասիի դատավարությունը:

1995 թվականի մարտին Տոկիոյի մետրոյում քիմիական հարձակումից հետո, երբ աղանդի հետեւորդները զարին գազ տարածեցին, Տակահասին 17 տարի շարունակ թաքնվում էր արդարադատությունից: Կացույա Տակահասիին ձերբակալել են 2012 թվականի հունիսին, Տոկիոյում: Ավելի վաղ ձերբակալել էին Նաոկո Կիկուտիին եւ Մակոտո Հիրատային, որոնք նույնպես 17 տարի թաքնվում էին:

Տակահասին աղանդավորական կազմակերպության անդամ է եղել դրա ստեղծումից ի վեր՝ ընդգրկված լինելով դրա պահպանության եւ հետախուզության բաժնում: Նա անմիջական մասնակցություն է ունեցել 1995 թվականի գազային հարձակման, ինչպես նաեւ կազմակերպության համար անցանկալի մարդկանց սպանության գործերում:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, Մակոտո Հիրատային դատապարտել են 9, Նաոկո Կիկուտիին՝ 5 տարվա ազատազրկման: Ակնկալվում է, որ Տակահասիի դատավճիռը կհրապարակվի այս տարվա գարնանը:

«Աում Սինրիկյո» (Աումի ճշմարտության ուսուցում) կրոնական աղանդը կազմավորվել է 1987 թվականին, Սյոկո Ասահարայի կողմից (Տիձուո Մացումոտո): Տարբեր տվյալների համաձայն, աղանդը 30-ից մինչեւ 50 հազար հետեւորդ ունի: 1994 թվականին «Աում Սինրիկյո»-ի անդամները զարին գազ տարածեցին Նագանոյի Մացումոտո քաղաքում: 7 մարդ մահացավ: 1995-ի մարտին էլ նույնը կրկնվեց Տոկիոյի մետրոյում: Այս անգամ 13 մարդ մահացավ, 6.300 հոգի տարբեր աստիճանի թունավորում ստացավ: Ոստիկանությունն աղանդի շուրջ 30 ղեկավարների ձերբակալեց, որոնց մի մասի, այդ թվում՝ Սյոկո Ասահարայի նկատմամբ մահվան դատավճիռ կայացրեց, որը դեռեւս չի իրականացվել: