Ընդունված է կարծել, որ գիտական որոշ ուղղություններ հատուկ տաղանդ են պահանջում: Սակայն նոր հետազոտությունը ցույց է տվել, որ դա իրականում մոլորություն է եւ կարող է տարբեր ոլորտներում կին գիտնականների ոչ մեծ թվի պատճառ լինել:

Իլինոյսի եւ Փրինսթոնի համալսարանների հոգեբանները հարցում են անցկացրել ամերիկյան 9 խոշորագույն հետազոտական ինստիտուտների շրջանավարտների, գիտության թեկնածուների եւ դասախոսների շրջանում: Նրանք գնահատել են գիտության բնագավառում հաջողության հասնելու համար «ի ծնե շնորհի կամ տաղանդի» եւ «հատուկ հակվածության» առկայության կարեւորությունը, որը հնարավոր չէ սովորել:

Հետազոտողները բացահայտել են, որ այն ոլորտներում, որտեղ ի ծնե ունակությունը քրտնաջան աշխատանքից ավելի շատ է գնահատվում, օրինակ՝ ֆիզիկայի եւ փիլիսոփայության բնագավառու, գիտությունների կին թեկնածուների թիվը զգալիորեն ավելի պակաս է, քան տղամարդկանցը:

Ըստ Vesti-ի, հաշվի են առնվել նաեւ այլ գործոններ: Օրինակ՝ կանանց ակադեմիական նախընտրությունները, աշխատաժամից դուրս աշխատելու նրանց ցանկությունը կամ այդ առիթով դժգոհությունը, ինչպես նաեւ աշխատատեղի համար մրցակցությունը: Սակայն այս ամենն ավելի պակաս կարեւոր են եղել, քան ի ծնե տաղանդի առկայության կուռքը:

Գիտնականները կարծում են, որ դասախոսներն ու գիտական ղեկավարներն իրենց վերաբերմունքը փոխանցում են մագիստրանտներին, ինչն ազդում է կարիերային վերաբերող նրանց որոշումների վրա: Հաշվի առնելով հասարակության շրջանում առկա սխալ կարծիքը, որ կանանց ինտելեկտուալ հնարավորություններն ավելի ցածր են, քան տղամարդկանցը, զարմանալի չէ, որ ուսանողուհիներին հաճախ խորհուրդ չեն տալիս գիտական գործունեությունը շարունակել այն ոլորտներում, որտեղ ավելի շատ տաղանդն է գնահատվում: