«Օրինաց երկիր» կուսակցությունը կիսում է հանրության վրդովմունքը եւ իրավապահ մարմիններից պահանջում իրականացնել բազմակողմանի քննություն՝ բացահայտելու եւ պատասխանատվության ենթարկելու այս ոճրագործության բոլոր մեղավորներին:
Այս մասին նշված է ՕԵԿ-ի տարածած հայտարարությունում:
Հայտարարությունում ասվում է.
«Այսօր տեղի է ունեցել «Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի նիստը, որը վարել է կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը:
Քաղաքական խորհուրդը լայն անդրադարձ է կատարել Գյումրիում ստեղծված իրավիճակին: Ըստ այդմ.
-«Օրինաց երկիր» կուսակցությունը կիսում է հանրության վրդովմունքը եւ իրավապահ մարմիններից պահանջում իրականացնել բազմակողմանի քննություն՝ բացահայտելու եւ պատասխանատվության ենթարկելու այս ոճրագործության բոլոր մեղավորներին:
Կուսակցությունը իրավապահ մարմիններին կոչ է անում ցանկացած դեպքում խուսափել իրենց արդարացի պահանջները բարձրաձայնող մարդկանց նկատմամբ ուժի կիրառումից, իսկ ՀՀ քաղաքացիներին ցուցաբերել զսպվածություն, համբերատարություն, ցանկացած գործողություն իրականացնել օրինականության եւ սահմանադրական կարգի շրջանակներում կրկին անգամ իրավիճակի անկայունացում թույլ չտալու համար:
Կուսակցությունը պահանջում է ՀՀ իշխանություններից ձեռնարկել համապատասխան միջոցներ Գյումրիում լարված հասարակական մթնոլորտը հանդարտեցնելու նպատակով:
«Օրինաց երկիր» կուսակցությունը կոչ է անում նաեւ Ռուսաստանի պատկան մարմիններին ձեռնարկել գործուն միջոցառումներ՝ Գյումրիի 102-րդ ռազմակայանում կարգուկանոնի բարձրացման ուղղությամբ հետագայում որեւէ այլ ողբերգություն կամ հանցագործություն թույլ չտալու համար, եւ պատժել բոլոր նրանց, նաեւ ում ծառայողական անփությության եւ անգործության հետեւանքով այդ ոճրագործությունը տեղի ունեցավ:
ՕԵԿ-ը նաեւ արձանագրում է, որ ողբերգության շահարկումները եւ այն բոլորովին այլ հարթություն տեղափոխելը, ինչպես նաեւ հակառուսական տրամադրություններին եւ կոչերին տուրք տալը, կարող է բացասական հետեւանքներ ունենալ Հայաստանի եւ Ռուսաստանի ռազմավարական դաշնակցության վրա, ինչը չի բխում երկու ժողովուրդների դարավոր բարեկամության բովանդակությունից:




























