Գյումրիում դաժանաբար սպանված ընտանիքի միակ փրկված անդամի՝ 6-ամսական Սերյոժա Ավետիսյանի համար օրորոցային երգելու մտադրության մասին այսօր՝ հունվարի 16-ին, NEWS.am-ին պատմեցին երեք երիտասարդները, որոնք եկել էին «Սուրբ Աստվածամայր» ԲԿ՝ անձամբ տեղեկանալու երեխայի առողջական վիճակի մասին:

«Այսօր եկել ենք անձամբ իմանալու երեխայի վիճակի մասին, իսկ հետագայում ավելի լուրջ միջոցառում ենք կազմակերպելու՝ երեխային ցույց տալով, որ մենք իր կողքին ենք: Պլանավորել ենք ինչ-որ երգչախմբով գանք եւ երեխայի համար օրորոցայիններ երգենք, որ նա հիմիկվանից արդեն իրեն մենակ չզգա»,- ասաց Տաթեւիկ Մկրտչյանը՝ ավելացնելով, որ իրենք պատրաստ են երեխայի համար լինել քույր եւ եղբայր:

Երիտասարդները հորդորեցին, որ բոլորը միանան իրենց, որպեսզի փոքրիկն իրեն մենակ չզգա:

«Մենք պետք է մշտապես նրա կողքին լինենք, հնարավորության դեպքում այցելենք, եւ ճիշտ է, նա մեզ չի տեսնում եւ լսում, բայց վստահ եմ, որ զգում է»,- ասաց Հովհաննես Ղազարյանը:

Նշենք, որ այսօր 6-ամսական Սերյոժային երկրորդ անգամ էին վիրահատել՝ կատարելով գլխուղեղի փորոքների դրենավորում: Վիրահատությանը մասնակցել էր Սանկտ Պետերբուգրից ժամանած անվանի նյարդավիրաբույժ, պրոֆեսոր Վիլյամ Խաչատրյանը, վիրահատությունը տեւել էր 20 րոպե:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում հրազենային վնասվածքներից սպանված են գտել Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին, այդ թվում՝ մեկուկես տարեկան դուստրը: Վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը վնասվածքներ էր ստացել եւ տեղափոխվել է հիվանդանոց: Նրա վիճակը կայուն ծանր է:

Կասկածյալը՝ ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովը ձերբակալվել է նույն օրը կեսգիշերին մոտ, ըստ պաշտոնական տվյալների՝ հայ-թուրքական սահմանի մոտ: Ներկայումս նա գտնվում է ռուսական ռազմակայանում: Նրան կալանավորել են եւ մեղադրանք են առաջադրել Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ (երկուսից ավելի մարդկանց սպանություն) եւ 338-րդ հոդվածի 2-րդ մասի (դասալքություն՝ ծառայողական զենքով): Սպանության փաստով քրգործ է հարուցվել նաեւ ՀՀ Քննչական կոմիտեում:

ՀՀ գլխավոր դատախազության մեկնաբանմամբ, նա գտնվում է  ՌԴ իրավազորության ներքո եւ դատվելու է ռուսական օրենսդրությամբ: Այս որոշումը հանրային բողոքի լայն ալիք է բարձրացրել, վերջին օրերին բողոքի ակցիաներ եւ մոմավառություններ են եղել Երեւանում, Գյումրիում, այլ քաղաքներում:

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am