ՅՈՒԿՕՍ-ի նախկին ղեկավար Միխայիլ Խոդորովսկին Ռուսաստանի` «ձեռքով» կառավարումը անվանել է Վլադիմիր Պուտինի ռեժիմի ամենախոցելի կետերից: Ըստ նրա` հենց այդ պատճառով դեկտեմբերի 16-ի «սեւ երեքշաբթի» օրը տեղի ունեցավ ռուբլու ռեկորդային փլուզումը. Պուտինն Ուկրաինայով էր զբաղված, եւ չկարողացան նրան ժամանակին զանգել` շուկան կայունացնելու համար Կենտրոնական բանկի փողերն օգտագործելու թույլտվություն ստանալու համար: Այս մասին Խոդորովսկին ասել է CNN-ի հետ զրույցում:
2014թ. դեկտեմբերի 16-ի սակարկությունների ընթացքում եվրոն գերազանցել էր 100 ռուբլու ցուցանիշը, իսկ դոլարը 80 ռուբլուց անցել էր: Հունվարի 14-ին հայտարարվել էր, որ ռուբլու փլուզման հանգամանքները կհետաքննեն ՀԴԲ-ն եւ Գլխավոր դատախազությունը:
Քրիստիան Ամանպուրի հետ հարցազրույցում Խոդորկովսկին այսպես է բացատրել նման դինամիկան. «ԿԲ նախագահը չի կարողացել կապվել Պուտինի հետ, քանի որ Պուտինն այլ խնդիրներով է զբաղված եղել: Եվ փոխարժեքը մեկ օրով ընկել է: Հետո այն դուրս են բերել այդ վիճակից, սակայն երկրի համար դա ցնցում էր… ԿԲ նախագահն այնքան էլ բարձր չէ, իսկ Պուտինը շատ բարձր է: Ահա այդ վիճակը, դե չգիտեմ, մի 12 ժամ է տեւել: Դա բավական ժամանակ է՝ բորսայի տապալման համար»:
Սա հետագայում կարող է վնասել Ռուսաստանին, կարծում է ու նույնիսկ հուսով է Խոդորկովսկին, հայտնում է NEWSru.com-ը: «Պուտինի ստեղծած ռեժիմը մի օրգանական խնդիր ունի: Այն չի կարող միանգամից մի քանի ճգնաժամեր կարգավորել: Նա կարող է հաղթահարել մեկ ճգնաժամ՝ գրեթե ցանկացած հզորության, քանի որ իր ձեռքերում է ռուսաստանյան ներուժի զգալի մասը: Իսկ երբ ճգնաժամերը երկուսն են, իսկ այժմ դրանք երկուսն են՝ Ուկրաինան եւ տնտեսական ներքին խնդիրները, այն սկսում է տապալվել… Երբ լինի երրորդ ճգնաժամը, համակարգն ընդհանրապես չի կարող այն հաղթահարել »:

























