Theblackvault.com կայքում հրապարակվել են ԱՄՆ ռազմաօդային ուժերի 12.618 զեկույցներ, որոնք միավորվել են «Երկնագույն գիրք» անվանումով նախագծում: Կայքում ներառված են 1947-1969 թվականներին ՉԹՕ-ների դիտարկումները: Այս մասին տեղեկացնում է իտալական La Stampa պարբերականը:
ԱՄՆ ՌՕՈՒ-ի տվյալների համաձայն, դիտարկումների մեծ մասը կապված չէ այլմոլորակային քաղաքակրթությունների հետ եւ բացատրվում է Երկիր մոլորակի մթնոլորտի բնական երեւույթներով: Սակայն արխիվային 701 փաստաթուղթ կամ դրանց 5.5%-ն այդպես էլ գիտական հավաստի բացատրություն չի ստացել:
Ըստ InoPressa.ru-ի, անբացատրելի երեւույթների թվում է Քենեթ Առնոլդի պատմությունը, ով «թռչող ափսե» արտահայտության հեղինակն է: 1947 թվականի հունիսի 24-ին տղամարդը հետեւել է 9 ՉԹՕ-ներից բաղկացած խմբի, որոնք մեծ արագությամբ թռչել են այն ինքնաթիռի կողքով, որում նա գտնվել է:
Փաստաթղթերում բացակայում է Ռոզուելի միջադեպի մասին տեղեկությունը, որը տեղի է ունեցել 1947 թվականի հուլիսին, Նյու Մեքսիկոյում: Այդ թվականի հուլիսի 8-ին ամերիկյան Ռոզուել ավիաբազայի պաշտոնյաները հաղորդել են թռչող ափսեի բեկորների հայտնաբերման մասին: Սակայն մի քանի ժամ անց 8-րդ օդային բանակի հրամանատար, գեներալ Ռոջեր Ռեմին ռադիոյով հանդես է եկել հերքմամբ: Ռոզուելում այսօր ծաղկում է տուրիստական բիզնեսը, որը հայտնի է որպես թռչող ափսեի կործանման վայր:




























