Բելառուսում վերջերս հետաքրքիր դեպք է տեղի ունեցել: Ամուսնալուծության ժամանակ կինը պահանջել է առցանց-խաղի ամուսնու հաշվի արժողության իր բաժինը:
Հարկ է նկատել, որ հենց խաղն է եղել ամուսնալուծության գործընթացի պատճառներից մեկը: Կինը դժգոհել է, որ աշխատանքային օրվա ավարտին տուն գալով՝ ամուսինն անմիջապես նստել է համակարգչի առջեւ: Եվ կնոջը ժամանակ տրամադրելու փոխարեն, նա սիրելի խաղն է խաղացել: Ըստ Informing-ի, այսպես տեւել է շուրջ մեկ տարի, ինչից հետո կինը, չդիմանալով այդ մրցակցությանը, ամուսնալուծություն է պահանջել:
Փաստաբան Վիտալի Կոլեդի խոսքով, սեփականությունը բաժանելու ժամանակ խոսք է գնացել նաեւ առցանց-խաղի հաշվի մասին: Մասնագետները, ինչպես նաեւ իրենք՝ կողմերը, դրա համար շոշափելի գումար են նշել, քանի որ խաղի համար բավականաչափ գումար է ծախսվել, ընդ որում՝ ընդհանուր բյուջեից:
Խաղաղ բանակցությունների արդյունքում որոշվել է կնոջը վճարել հերոսի արժեքի կեսը եւ խաղը թողնել ամուսնուն:




























