Նյու Յորքի բնակչուհի Ռոուզ-Էնն Բոլասնին իր կտակում ներառել է նաեւ Բելլա Միա անունով սիրելի շանը: Ամերիկյան լրատվամիջոցների փոխանցմամբ, կնոջ մահից հետո կենդանին տարեկան 100 հազար դոլար կստանա:

«Բելլա Միան ինձ համար փոխարինում է դստերը, որ երբեք չեմ ունեցել: Նա սովոր է շքեղ կյանքին, եւ ես ցանկանում եմ, որպեսզի իմ մահից հետո էլ ոչ մի բանի կարիք չունենա»,- պատմել է մասնագիտության հաշվապահ Բոլասնին:

Կնոջ խոսքով, իր երկու որդիներն ամենեւին էլ դեմ չեն իր որոշմանը: «Իմ որդիները հասուն եւ հաջողակ մարդիկ են, նրանց իմ փողերը պետք չեն: Եվ նրանք գիտեմ, թե Բելլա Միան որքան երջանիկ է դարձրել ինձ եւ ամուսնուս»,- Բոլասնիի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը:

Ներկայում շունն առանձին սենյակ ունի՝ հսկայական մահճակալով, ինչպես նաեւ սեփական զգեստապահարան, որտեղ ավելի քան հազար զգեստ եւ աքսեսուար կա:

Երեք տարեկան Բելլա Միան հասցրել է հաղթանակ տանել մեծ թվով մրցույթներում: Մասնավորապես, նա երկու անգամ անընդմեջ՝ 2013 եւ 2014 թվականներին, առաջին տեղն է զբաղեցրել կենդանիների նյույորքյան նորաձեւության շոուի ժամանակ: Ամեն շաբաթ նրան զվարճալի զգեստ են հագցնում եւ տանում քաղաքի մանկական որեւէ հիվանդանոց: Շնիկի հայտնվելը շատ է ուրախացնում փոքրիկ հիվանդներին:

«Վերջերս Բելլա Միան Մոխրոտի իր զգեստով մոտեցավ արտասվող մի աղջնակի: Տեսնելով նրան՝ երեխան անմիջապես ժպտաց: Եվ սա ամենեւին էլ միակ դեպքը չէ: Բացի այդ, նա հրաշալի ընկերակից է 82-ամյա ամուսնուս համար»,- պատմել է շնիկի տիրուհին: