Գերմանական Bild թերթի տվյալով՝ Իրաքի Նինեվիա քաղաքում «Իսլամական պետություն» խմբավորումը նույնասեռական երկու տղամարդկանց միջնադարյան եղանակով մահապատժի է ենթարկել:
Թերթը լուսանկարներ է հրապարակել, որոնցում երեւում է, որ ԻՊ երկու գրոհայիններ տղամարդկանց տանում են բարձրահարկ շենքի տանիք: Նրանց ձեռքերն ու ոտքերը կապված են:
Ըստ հոդվածի՝ նրանց ստիպել են ցատկել: Նման մահապատիժ կիրառվում էր նաեւ միջնադարում: Մահապատժի վայրում հավաքվել են հարյուրավոր հանդիսատեսներ: Պնդվում է, որ տղամարդկանց մահապատժի են ենթարկել, քանի որ գեյ են եղել: Մահապատժից առաջ բարձր ընթերցել են դատավճիռը, փոխանցում է «Ռոսբալտը»:
Վերջին ժամանակներս սպանությունների նման լուսանկարներ են տեղադրվել նաեւ Twitter-ում: Այսպես, օրինակ՝ սոցցանցում հայտնվել են «Հիսուսի ոճով» մահապատժի տեսարանների լուսանկարներ, որոնք իրագործվել են Իրաքի Մոսուլում: Այդ լուսանկարներոմ պատկերված են երկու տղամարդիկ, որոնք գամվել են խաչին՝ նախքան գլխից գնդակահարվելը:
Bild-ը նաեւ հրապարակել է մի կնոջ լուսանկար, որին ԻՊ-ի անդամները քարկոծել են՝ իբրեւ թե ամուսնական դավաճանության համար: Այդ բոլոր լուսանկարների իսկությունն ապացուցված չէ:




























