2014թ. դեկտեմբերին՝ նոյեմբերի համեմատ, Հայաստանում գնաճը կազմել է 3%, հունվարի 19-ին լրագրողներին հայտնել է Ազգային վիճակագրական ծառայության գնումների վիճակագրության եւ միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը:
Սննդամթերքի գները (ներառյալ ալկոհոլային խմիչքները եւ ծխախոտը) ավելացել են 5,1%-ով, ոչ պարենային ապրանքներինը՝ 0,2%-ով, իսկ ծառայոթյունների սակագներն աճել են 0,7%-ով: Պարենի գները(առանց ալկոհոլային խմիչքների եւ ծխախոտի) աճել են 5,6%-ով, հիմնականում՝ կաթնամթերքի (5,8%), շաքարի (9,6%), բանջարեղենի եւ կարտոֆիլի (18,2%) եւ մրգերի (8,3%) հաշվին: Միրգ-բանջարեղենի գների աճը հիմնականում սեզոնով է պայմանավորված: Բացի դրանից, սուրճի, թեյի եւ կակաոյի գներն ավելացել են 6,1%-ով: Ընդհանուր առմամբ, պարենամթերքի 13 խմբերից թանկացում է նկատվել 12-ում, եւ միայն ձկնամթերքի գինն է նվազել 0,3%-ով:




























