Հայաստանի քրեական վերաքննիչ դատարանն այսօր՝ հուլիսի 13-ին մերժեց 2008թ. մարտի 1-ին «Չերյոմուխա-7» տեսակի զենքից զոհված Տիգրան Խաչատրյանի, Գոռ Քլոյանի եւ Արմեն Ֆարմանյանի իրավահաջորդների բողոքը:

Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանը, հիշեցնենք, մերժել էր զոհերի իրավահաջորդների հայցը`ճանաչել Հատուկ քննչական ծառայության անգործությունն իրենց հարազատների մահվան հանգամանքները բացահայտելու ուղղությամբ:

Մարտի 1-ի 10 զոհերի հարազատների լիազոր ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանին շուրջ մեկ ժամ տեւած դատական նիստի ժամանակ հարցեր տալու հնարավորություն չտրվեց: Երբ նա փորձեց հարցեր հնչեցնել, դատական նիստը նախագահող Գրիշա Մելիք-Սարգսյանն առարկեց՝ նշելով, թե չի կարող հարցեր տալ, քանի դեռ չկան մեղադրյալներ եւ գործը մեղադրական եզրակացությամբ չի ուղարկվել դատարան: Պատասխանող կողմ, դատախազ Հարություն Հարությունյանը այսօրվա դատական նիստի ժամանակ էլ շարունակեց պնդել, որ նախաքննությունը դեռ չի ավարտվել եւ բողոքն անհիմն է: Երբ դատավորը պատասխանող կողմից փորձեց ճշտել, թե ե՞րբ է նախաքննությունն  ավարտվելու, եւ արդյոք ի՞նչ հեռանկարներ կան, նա պատասխանեց, թե նախաքննությունը շարունակվում է, այժմ ապացույցների հետազոտում է ընթանում, իսկ թե երբ կավարտվի՝ ժամկետներ նշել չի կարող: Հակադրվելով պատասխանող կողմի հայտարարությանը՝  հայտարարությամբ հանդես եկավ Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը՝պնդելով, թե նախաքննությունը հարյուր տոկոսով ավարտված է: «Մենք գիտենք չորս ոստիկանների անուն-ազգանունները, գիտենք հրաման տվողների անուն-ազգանունները, գիտենք, թե նրանք որ ժամին են գնդակահարել, ինչ զենքով, գիտենք, որ այն արգելված զենք է եղել եւ իրավունք չունենին դա օգտագործել: Գնացեք զորամաս, ասեք` ո՞վ է տվել զենք եւ ամեն ինչ պարզ կդառնա»: Ինչեւէ, դատարանը  որոշեց մերժել  բողոքը`անհիմն լինելու պատճառաբանությամբ:

Դատական նիստից հետո զոհերի հարազատներն ասացին, որ դատարանի վճիռն իրենց համար անսպասելի չէր: Նկատենք, որ վճռի հրապարակման պահին նրանք դահլիճում չէին: Հայցվորները հայտարարեցին նաեւ, որ դիմելու են նաեւ Վճռաբեկ դատարան` որպեսզի սպառեն ներպետական ատյաններն ու դիմեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան: