Հայաստանին արդյունաբերության եւ արտաքին առեւտրի նախարարություն է պետք, հունվարի 20-ին լրագրողներին ասել է Հայաստանի առաջադիմական միացյալ կոմունիստական կուսակցության նախագահ, Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը:
Ըստ նրա՝ եթե հայկական արդյունաբերական արտադրության հարցերով զբաղվի առանձին գերատեսչություն, դա ինչ-որ կերպ կօգնի Հայաստանի խնդրաշատ արտաքին առեւտրային բալանսին: 2015 թ. այն կրկին կկազմի շուրջ 3 մլրդ դոլար: Մասամբ հարցի լուծմանը կարող է օգնել Միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարությունը, որը կհամակարգի նաեւ Հայաստանի կապերը ԵՏՄ-ի հետ:
«Ցանկանում եմ մաղթել, որպեսզի այս նախարարությունը ոչ միայն ներկայացուցչական գործառույթներ ունենա, այլեւ համալրված լինի մասնագետներով: Իսկ եթե այն աշխատի միայն 1-2 մարդու ջանքերով, արդյունքներն այնպիսին չեն լինի, ինչպիսին մենք ակնկալում ենք: Իսկ մենք ակնկալում ենք արտահանման աճ, որպեսզի թեկուզ ինչ-որ կերպ կասեցնենք արժույթի արտահոսքը: Մեր արժութային տատանումների պատճառներից մեկը մեր երկրից դրա արտահոսքն է՝ արտասահմանյան շահերը սպասարկելու համար», - հավելել է Սաֆարյանը:




























