ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը Եվրահանձնաժողովի նախագահի տեղակալ Մարոշ Շեւչովիչին տեղեկացրել է, որ «Թուրքական հոսքի» շինարարության վերաբերյալ Ռուսաստանի որոշումը վերջնական է եւ որ ԵՀ-ն պետք է շտապ ձեռնամուխ լինի սեփական ենթակառույցի շինարարությանը՝ իր սպառողներին գազ մատակարարելու համար:
«Նման աշխատանքը պետք է իրականացվի կարճ ժամանակահատվածում, քանի որ նման խոշոր նախագծերը մեկ տարում չեն իրականացվում», - ասել է նա, փոխանցում է «Ինտերֆաքսը»:
Նախարարը հիշեցրել է, որ հունվարի 14-ին հանդիպել է Մ. Շեւչենկոյի հետ՝ Մոսկվա նրա այցի շրջանակում, որպեսզի քննարկեն ԵՀ-ի հետ էներգետիկ համագործակցության հարցեր: «Անցյալ տարի ԵՀ-ի նախաձեռնությամբ Ռուսաստանի հետ էներգետիկ երկխոսությունը ընդհատվել էր», - ասել է նա:
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը ավելի վաղ հրաժարվել էր «Հարավային հոսքի» սառեցումը քաղաքական կամ էմոցիոնալ պատճառներով հիմնավորելուց: Ըստ նրա՝ դա իրավական որոշում էր:




























