2014թ. արդյունքներով «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն /ՀրազՋԷԿ/» բաց բաժնետիրական ընկերությունն ավելի քան չորս անգամ գերազանցել է տարվա համար նախատեսված ծրագրային ցուցանիշը:
«2014թ. ՀրազՋԷԿ-ից էլեկտրաէներգիայի օգտակար առաքումը կազմել է 900 մլն. կՎտ*ժ, ինչն ավելի քան չորս անգամ գերազանցում է տարվա ծրագրային առաջադրանքը»,- NEWS.am-ի թղթակցին ասել է ընկերության գլխավոր ճարտարագետ Արտաշես Մնացականյանը:
Ասվածից հետեւում է, որ խորհրդային էներգաարդյունաբերության երբեմնի հսկան անցած տարվա ընթացքում ապահովել է Հայաստանում էլեկտրաէներգիայի սպառման շուրջ 15 տոկոսը:
Ընկերությունը ձեւավորվել է 2004 թվականին “Գույք պարտքի դիմաց” ծրագրի շրջանակներում Ռուսաստանին հանձնված Հրազդանի ՋԷԿ-ի գույքային համալիրի հիման վրա: «ՀրազՋԷԿ»-ը ռուսաստանյան «Ինտեռ ՌԱՕ» ընկերության դուստ ձեռնարկությունն է:




























