Ադրբեջանը շատ լավ գիտակցում է մեծ պատերազմի գինը. Ռացիոնալության զգացում նրանք ունեն: Այս մասին հունվարի 21-ի մամուլի ասուլիսում հայտարարել է Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:
Ըստ նրա՝ ղարաբաղյան հակամարտության շփման գիծն իր տրամաբանությունն ունի: «Սակայն գաղտնիք չէ, որ Ադրբեջանը Ռուսաստանից շատ է կախված նավթային եկամուտներից, եւ նավթի գների անկումը լուրջ խնդիրներ է ստեղծում Ադրբեջանի սոցիալ-տնտեսական ոլորտում: Եթե պահպանվեն ներկայիս գները, Ադրբեջանը կարող է կատարել իր բյուջեի կեսը միայն», - ասել է Մինասյանը: Քաղաքագետի խոսքով՝ հասկանալի է, որ եթե երկրի բյուջեն լուրջ խնդիրներ ունենա, դա սոցիալական դժգոհություն կառաջացնի Ադրբեջանի ներսում: «Եվ այդ ամենից շեղելու լավագույն միջոցը շփման գծում իրավիճակը սրելն է», - հավելել է Սերգեյ Մինասյանը:
Հունվարի 20-ի լույս 21-ի գիշերը Ադրբեջանի ԶՈՒ-ն դիվերսիայի նոր փորձ է ձեռնարկել գիշերվա ժ. 3-ի սահմաններում՝ Քարվաճառի ուղղությամբ: ԼՂՀ ՊՆ-ի տվյալով՝ հակառակորդի գործողությունները ժամանակին հայտնաբերվել եւ համապատասխան հակահարված են ստացել: Մարտում զոհվել է 1982թ. ծնված Նահապետ Ասատրյանը: Վիրավորվել է 1973թ. ծնված Հովհաննես Գասպարյանը:




























