Բեռլինում` Արտաքին քաղաքականության գերմանական միությունում (DGAP), հուլիսի 7-ին տեղի է ունեցել «ԵՄ եւ ԳԴՀ արեւելյան քաղաքականության նոր իմպուլսները Հարավային Կովկասում» թեմայով քննարկում: Միջոցառմանը ներկա են եղել Գերմանիայի Բունդեսթագի պատգամավորներ, քաղաքական գործիչներ, Գերմանիայում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ:

Միջոցառմանը մասնակցել է Գերմանիայում Հայաստանի դեսպան Արմեն Մարտիրոսյանը եւ ներկայացրել Հարավային Կովկասում տեղի ունեցող վերջին զարգացումները, տարածաշրջանում ԵՄ եւ ԳԴՀ հնարավոր քայլերն ու անելիքները, արցախյան հիմնահարցի եւ հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը: Նույն օրը Գերմանիայի Բունդեսթագում տեղի է ունեցել «Հումքի մատակարարման ապահովումը Գերմանիայի եւ Եվրոպայի համար» խորագրով միջազգային կոնֆերանսը` կազմակերպված ԳԴՀ իշխող ՔԴԿ/ՔՍՄ պատգամավորական խմբակցության կողմից: Զեկուցողների թվում էին ՔԴԿ/ՔՍՄ խմբակցության ղեկավար Ֆոլկեր Կաուդերը, ՔԴԿ արտաքին քաղաքականության հարցերով խոսնակ Ֆիլիպ Միսֆելդերը, ԳԴՀ Բունդեսթագի այլ պատգամավորներ:

Միջոցառմանը մասնակցել են նաեւ դիվանագետներ, քաղաքագետներ, տնտեսագետներ, լրագրողներ եւ գործարարներ: Քննարկմանը իր մեկնաբանություններով հանդես է եկել Հայաստանի դեսպան Արմեն Մարտիրոսյանը: Նա մասնավորապես նշել է, որ հումքի կայուն մատակարարումը ենթադրում է ոչ միայն հումքի առկայություն այս կամ այն երկրում, այլ նաեւ դրա` դեպի Եվրոպա կայուն արտահանման հնարավորությունները, ինչը հատկապես կարեւոր է դեպի ծով ելք չունեցող երկրների համար, ինչպիսին է Հայաստանը: Այս կապակցությամբ նշվել է միջազգային իրավունքից բխող տարանցիկ երկրների պարտականությունը` ապահովելու նյութերի անարգել արտահանումը եւ ներմուծումը դեպի ծով ելք չունեցող երկրներ: Այնուհետեւ դեսպանը ներկայացրել է ՀՀ-ում «Քրոնիմետ» գերմանական ձեռնարկության գործունեությունը, որը Եվրոպայում մոլիբդենի հիմնական մատակարարողներից է:

Արմեն Մարտիրոսյանն ընդգծել է, որ Թուրքիայի կողմից գրեթե երկու տասնամյակ շարունակվող Հայաստանի ցամաքային շրջափակումը բացասաբար է ազդում մոլիբդենի կանոնավոր մատակարարումների վրա, հատկապես այն դեպքում, երբ Վրաստանում տեղի են ունենում կոմունիկացիոն պրոբլեմներ: Մեջբերելով Համաշխարհային բանկի վերլուծական տվյալները` Արմեն Մարտիրոսյանը նշել է, որ իրականացվող շրջափակումը նաեւ պատճառ է հումքի ճանապարհային փոխադրումների գների բարձրացման, ինչը բացասաբար է ազդում գերմանական արդյունաբերության մրցունակության վրա: «Շրջափակման վերացումից կշահեն ոչ միայն Հայաստանի եւ Թուրքիայի, այլ նաեւ Եվրոպայի գործարարները»,- նշել է դեսպան Մարտիրոսյանը: