Հայաստանում խոշոր արտահանողների համար շահութահարկը կնվազի 10 անգամ: «Շահութահարկի մասին» օրենքում համապատասխան փոփոխությունների նախագիծը հավանություն է ստացել կառավարության հունվարի 22-ի նիստում:
Ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը նշել է, որ Հայաստանի հարկատուների համար շահութահարկը 20%-ից կնվազի մինչեւ 2%-ի՝ այն դեպքում, եթե հարկատուն համապատասխանում է հետեւյալ պահանջներին. 1) ունի կառավարության կողմից հաստատված արտահանման ծրագիր, 2) հաշվետու տարում նրա արտահանումը կազմել է առնվազն 50 մլրդ դրամ, 3) համանման արժութային մուտքեր են փոխանցվել Հայաստանի բանկերից որեւէ մեկում ունեցած հաշվին, 4) ընկերությունը երկրի ներսում ապրանքների մատակարարումից կամ ծառայություններից եկամուտներ չի ստանում:
Նկատենք, այդ պահանջներին համապատասխանող ընկերություններ Հայաստանում առայժմ չկան:
Նշված դրույթը չի վերաբերում հանքարդյունաբերության ոլորտի ընկերություններին. Միրումյանը նշել է, որ դրանց շահութահարկից պետությունը չի կարող հրաժարվել:
Նշենք, որ 2013 թ. արդյունքների համաձայն՝ շահութահարկ 20 խոշոր հարկատուների ցանկում են հանքարդյունաբերող 4 ընկերություններ. երկրորդ տեղում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (շուրջ 10,3 մլրդ), 7-րդում՝ «Dundee Precious Metals»-ը (1,1 մլրդ), 11-րդ-ում՝ «ԳեոՓրոմայնինգ Գոլդը» (941 մլն) եւ 15-րդում՝ «Armenian Copper Programme»-ը (738 մլն):




























