Մեկ տարվա ընթացքում հայ-թուրքական հարաբերություններում առանձնահատուկ տեղաշարժեր  չեն լինի: Այդ մասին հուլիսի 14-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Կովկասյան ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Նրա խոսքով, Թուրքիայի ներքաղաքական իրավիճակը, մասնավորապես՝ հաջորդ ամռանը կայանալիք ընտրությունները թույլ  չեն տա Թուրքիային կոնկրետ քայլեր կատարել այդ ուղղությամբ:

«Կարող են լինել որոշակի հանդիպումներ, թեթեւ բանակցություններ, սակայն լուրջ տեղաշարժեր, կարծում եմ, չարժե սպասել»,- նկատել է Իսկանդարյանը:

Ինչպես ավելի վաղ հայտարարել էր NEWS.am-ը, վերջին շրջանում Թուրքիայում ակտիվացել են խոսակցությունները հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ, նաեւ սահմանների բացման մասին: Մասնավորապես՝ մի շարք թուրքական պարբերականներ, այդ թվում՝ Zaman-ը, Posta-ն եւ այլ թերթեր, անդրադառնալով այդ թեմային, ակնկարկել են բանակցությունների մասին, որոնց արդյունքը կարող է լինել կտրուկ ճեղքումը երկու երկրների մերձեցման հարցում: