Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանն այսօր մամուլի ասուլիսում ասաց, որ դեպի Թուրքիա էլեկտրաէներգիայի արտահանման առումով տեխնիկական հնարավորությունները բավականին մեծ են։ Նախարարի խոսքով՝ սկզբնապես Հայաստանը համաձայնել է տարեկան 1,5 մլրդ կվտ/ժամ էլեկտրաէներգիա արտահանել դեպի Թուրքիա, բայց Երեւանի եւ Հրազդանի ջերմաէլեկտրակայանների վերազինումից հետո հնարավորություններն ավելի մեծ են։ «Թուրքական կողմում կան քաղաքական խնդիրներ, որ խանգարում են էլեկտրաէներգիան արտահանել։ Մենք եւ մեր գործընկերները հույս ունենք, որ քաղաքական խոչընդոտները կվերացվեն ու մատակարարումները կիրականացվեն»,- ասաց Մովսիսյանը՝ հավելելով, որ թուրքական կողմից բավարար աշխատանքներ կատարված են եւ հիմնականում պատրաստ են էլեկտրաէներգիայի փոխանցմանը։