Հայաստանի խոշոր հարկատուների հերթական ցուցակը նշանավորվեց փոքրիկ սենսացիայով: 2013 թվականի համեմատ՝ անցյալ տարի պետբյուջեի «խոշորագույն» հարկային եկամուտների մասնաբաժինը կրճատվել է 4.8 տոկոսային կետով: Նկատենք, որ մի քանի տարի առաջ այդ ցուցանիշը կանոնավոր կերպով աճում էր՝ այդպիսով անուղղակիորեն մատնանշելով երկրի տնտեսության բարձր կենտրոնացվածությունը: Բայց, չնայած այս անկմանը, պետբյուջեի հարկային եկամուտներում 1.000 ընկերությունների մասնաբաժինը դեռեւս զգալի է մնում (անցյալ տարվա տվյալներով՝ 61.6%):

Անցյալ տարի բյուջեի հարկային եկամուտները, նախորդի համեմատ, աճել են 136.2 մլրդ դրամով, որոնցից «խոշորագույններն» ապահովել են «ընդամենը» 35.5 մլրդ դրամը կամ 21%-ից քիչ ավելին: Նախկինում հենց խոշորագույն ընկերություններն էին ապահովում երկրի բյուջեի հարկային եկամուտների աճի հիմնական մասը: Ներկայում այդ դերը բաժին է հասել փոքր եւ միջին բիզնեսին (ՓՄՁ):

Կարելի՞ է, արդյոք, դրա հիման վրա եզրակացություն անել, որ ՓՄՁ-ները մեր երկրում ծաղկում են: Դժվար թե: Միայն մեկ բացասական օրինակ բերենք մանրածախ առեւտրի ոլորտից. 5 տարվա ընթացքում մայրաքաղաքում խանութների թիվը կրճատվել է 700 միավորով:

«Խոշորագույնների» անխախտ դիրքերը որոշ չափով թուլացել են մետաղի արդյունահանմամբ զբաղվող մի շարք ընկերությունների «մեղքով»: Հարկային վճարումների առումով նախկին ռեկորդակիր «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ն անցյալ տարի հայտնվել է վարկանիշի 4-րդ հորիզոնականում: Պղնձի միջազգային շուկայում անբարենպաստ իրավիճակն ազդեց կոմբինատի վրա: Արդյունքում, հաշվետու ժամանակաշրջանում ձեռնարկությունը պետբյուջե նախորդ տարվանից 17.9 մլրդ դրամից էլ պակաս հարկ վճարեց:

Մեկ այլ ընկերություն՝ «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ»-ը, որը նախկինում «խոշորագույնների» տասնյակում էր, ներկայում 31-րդ հորիզոնականում է: Ընկերության վճարած հարկերի գումարը 3.4 մլրդ դրամով կրճատվել է:

Եվ վերջում հավելենք, որ «խոշորագույն 1.000 հարկատուներ» եզրույթը պայմանական է: Վարկանիշից դուրս են այն ընկերությունները, որոնց կարելի է դասել միջին բիզնեսի շարքին: Այդ պատճառով հարկային վճարումների տարբերությունը հսկայական է: