Երեւանի Նուբարաշեն թաղամասում հունիսի 1-ի գիշերը 22-ամյա Վանուշ Ալեքսանյանին դանակահարելու մեջ մեղադրվող՝ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղորորդին՝ Սեդրակ Օսիպյանը, դեռ չի հայտնաբերվել: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:

Նրանց փոխանցմամբ՝ նախաքննությունը շարունակվում է, Սեդրակ Օսիպյանը դեռ հետախուզման մեջ է:

Նշենք, որ Երեւանի փոխոստիկանապետի եղբորորդին արդեն 8 ամիս է՝ գտնվում է հետախուզման մեջ: Նրա փաստաբանը բազմիցս հայտարարել է, որ Սեդրակն ինքնակամ է ներկայանալու ոստիկանության բաժին, երբ քննչական գործողություններն ավարտվեն:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ դեպքը տեղի էրունեցել 2014թ. հունիսի 1-ի գիշերը Նուբարաշենում: Վիճաբանությունից եւ ծեծկռտուքից հետո 22-ամյա Վանուշ Ալեքսանյանին տեղափոխել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ վերջինս վիրահատվել էր: Ըստ ոստիկանության՝ դանակահարողը Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբորորդին է՝ 22-ամյա Սեդրակ Օսիպյանը: Սեդրակ Օսիպյանին հունիսի 3-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Նա գտնվում է հետախուզման մեջ: