Պաշտոնական տվյալներով, 2014 թվականի դեկտեմբերին մանրածախ առեւտրաշրջանառության ֆիզիկական ծավալը կրճատվել է 14.2%-ով: Պայմանականորեն իրավիճակը կարելի է այսպես ներկայացնել. եթե նախորդ տարվա դեկտեմբերին բնակչությունը 100 միավոր ապրանք է ձեռք բերել, ապա հաշվետու դեկտեմբերին՝ արդեն 86 միավորից էլ պակաս: Հասկանալի է, որ նման անկումն աղետալիից բացի, այլ կերպ դժվար է անվանել:

Իսկ ի՞նչ կատարվեց: Օրերս մի վարկած հնչեց, իհարկե՝ այլ առիթով: Դրա համաձայն, փոքր բիզնեսը թաքցնում է իր իրական շրջանառությունը: Չի բացառվում, որ «Շրջանառության հարկի մասին» օրենքի նոր դրույթների գործողության նախաշեմին առեւտրականները որոշել են ապահովագրվել: Հիշեցնենք, որ նշված փոփոխություններով շրջանառության հարկի դրույքաչափը 3.5%-ից նվազեցվել է 1%-ի, իհարկե, նաեւ գործարքների պարտադիր փաստաթղթավորմամբ:

Հայտնի է, որ օրենքը տարածվում է այն ձեռնարկությունների վրա, որոնց տարեկան շրջանառությունը չի գերազանցում 58.35 մլն դրամը: 2014 թվականի տվյալներով, միայն մանրածախ առեւտրում եւ միայն խանութների գծով այդպիսի շուրջ 11.800 օբյեկտ կա: Վերջինները, որոնք խանութների ընդհանուր քանակության մեջ հսկայական թիվ են կազմում (գրեթե 92%), ապրանքների վաճառքի տեսակարար կշռում առանձնացել են բավական համեստ ցուցանիշներով (18%-ից քիչ ավելի):

Սակայն նաեւ այլ գործոններ կան, որոնք ազդել են ապրանքների վաճառքի վրա: Կարեւոր եւս մեկ մանրուք. մանրածախ ապրանքաշրջանառության ծավալն առաջին անգամ կրճատվել է նաեւ ընթացիկ գներում՝ 25 մլրդ դրամով: Այս փաստն արժանի է հատուկ ուշադրության, քանի որ վկայում է մեր բնակչության մի մասի ընտանեկան բյուջեի բացարձակ կրճատման մասին: Այս առիթով հիշեցնենք, որ բնակչության ընդհանուր վճարունակությունը զգալի վնաս կրեց Ռուսաստանից մասնակվոր դրամական փոխանցումների կրճատման հետեւանքով:

Բոլորին է հայտնի, որ հայրենական ներկրողները զգայուն են արձագանքում ապրանքների սպառման միտումներին: Նշենք, որ նախատոնական առեւտրի համար ապրանքները ներկրվում են արդեն նոյեմբերին: Տեղական արտադրության սննդամթերքի ֆիզիկական ծավալները դեկտեմբերին տարեկան կտրվածքով աճել են 23%-ով՝ կազմելով 32.8 մլրդ դրամ: Սակայն աճել են նաեւ մանրածախ առեւտրային ցանցի պաշարները, ինչը վկայում է ապրանքների դանդաղ իրացման մասին:

Անցյալ տարվա դեկտեմբերի 1-ից մինչեւ ընթացիկ տարվա հունվարի 1-ը մանրածախ առեւտրային ցանցում ապրանքների պաշարներն ավելացել են 2,2 մլրդ դրամով: Նշենք, որ անցյալ տարի հակառակ պատկերն էր. պաշարները կրճատվել էին 16.2 մլրդ դրամով: