Ֆրանսիան կարող է Հայոց ցեղասպանության քրեականացման մասին օրենք ընդունել, եթե Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Թուրքիայի Աշխատավորական կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքի գործով Շվեյցարիայի օգտին որոշում կայացնի: «Nouvelles d'Arménie»-ի փոխանցմամբ, այս մասին թուրքական «Zaman» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը:

«Մենք նախ կսպասենք ՄԻԵԴ որոշմանը: Եթե դատարանի որոշումը դրական լինի, Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության հերքման համար պատիժ սահմանող օրենք կընդունվի»,- ասել է Փափազյանը՝ հավելելով, որ հավատում է, որ ՄԻԵԴ-ը որոշում կընդունի Շվեյցարիայի օգտին, որն այս գործով նույն դիրքորոշումն ունի, ինչ Հայաստանը:

Հիշեցնենք, որ 2008 թ. Շվեյցարիայի դատարաններից մեկը Թուրքիայի Աշխատավորական կուսակցության նախագահ Դողու Փերինչեքին դատապարտել էր Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար: Փերինչեքը դիմել էր ՄԻԵԴ, եւ անցյալ տարվա դեկտեմբերին եվրոպական դատարանը բավարարել էր Շվեյցարիայի դեմ նրա հայցը: Շվեյցարիան բողոքարկել է ՄԻԵԴ-ի վճիռը: Հայաստանը «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով (Perincek v. Switzerland, App. no. 27510/08) հանդես է գալիս որպես երրորդ կողմ: