Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նետոն պահանջել է իր հանդեպ հետաքննություն սկսել բիզնես շահերի հնարավոր բախման գործով։ Այս մասին հայտնում է մեքսիկական La Jornada պարբերականը։ Պետության ղեկավարը հետաքննությունը հանձնարարել է պետական ծառայության գործերով նախարար Վիրջիլիո Մարտինեսին։
Մասնավորապես, երկրի նախագահն առաջարկել է ստուգել իր կնոջ եւ երկրի ֆինանսների նախարար Լուիս Վիդեգարայի՝ առանձնատների առուվաճառքի գործարքները։ Մեքսիկական լրատվամիջոցները պնդում էին, թե նախագահի կնոջը պատկանող ընկերությունները շահավետ պայմանագրեր էին ստանում Մեքսիկայի պետական գերատեսչություններից եւ դրա դիմաց նրանց առաջարկում էին անշարժ գույքի վերավաճառման ծառայություններ, գրում է Lenta-ն։
Նետոն հիշեցրել է «բաց եւ հաշվետու» մնալու իր խոստումները։ Դրա հետ մեկտեղ, նա իր անհանգստությունն է հայտնել այն կապակցությամբ, որ քաղաքական գործիչները շահերի բախումը բացահայտելու համար հուսալի լծակներ չունեն։ Մեքսիկացի նախագահի կարծիքով՝ Վերջիլիո Մարտինեսը պետք է հատուկ փորձագիտական հանձնաժողով ստեղծի։ Փորձագետները կամփոփեն նախագահի նախաձեռնած հետաքննության արդյունքները։





























