Վերջին օրերին Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղում եւս երկու միջադեպ է գրանցվել, որոնց ժամանակ հնչել են կրակոցներ: Գյուղում տեղի ունեցող հանցագործությունները լուրջ մտահոգություն են առաջացել տեղի բնակչության շրջանում:
Լիճք գյուղի բնակիչները NEWS.am-ին պատմել են, որ օրեր առաջ Սեւան -Մարտունի մայրուղու վրա, Լիճք գյուղի հատվածում գտնվող բենզալցակայանում դարձյալ դաժան ծեծկռտուք է եղել: Սկզբում երկու հոգի վիճել են, ոմն Արիսը բռունցքով հարվածել է նույն գյուղի 37-ամյա բնակչի դեմքին, որից հետո վերջինիս վրա են հարձակվել չորս երիտասարդներ, որոնց մի մասը երեւանցիներ են եղել, մի մասը լիճքեցիներ:
Նրանք մահակներով ու ոտքերով ծեծի են ենթարկել լիճքեցուն` մարմնի տարբեր մասերում պատճառելով վնասվածքներ: Նրանցից մեկը կալանավորվել է, մյուսներին դեռ չի հաջողվել հայտնաբերել:
Մի միջադեպ էլ տեղի է ունեցել օրեր առաջ գյուղի հուշարձանի մոտ, որտեղ տեղի էր ունեցել հայտնի սպանությունը:
23-ամյա մի երիտասարդ, ով Վարդենիսի բնակիչ է եղել հունվարի 26-ին կեսօրին Լիճք գյուղի սկզբնամասում գտնվող հուշարձանի մոտ իջել է տաքսի ավտոմեքենայից եւ այդ ընթացքում իր ոտքին կրակել է մի տղամարդ: Կրակողը այդ պահին եղել է ամենագնացով: Վերջինս դեռ չի հայտնաբերվել:
NEWS.am -ը տեղեկացել է, որ Լիճք գյուղում մեկը մեկին հաջորդող հանցագործությունների կապակցությամբ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետի կողմից նշանակվել է ստուգում:





























