Փետրվարի 3-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Սարա Էպրեխտին եւ նրա հետ քննարկել անհետ կորածների խնդիրը:
ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են ղարաբաղյան հակամարտության հետեւանքով անհետ կորածների վերաբերյալ տվյալների փոխանակման համաձայնությունների իրագործման հնարավոր ուղիները:
ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալն ընդգծել է, որ հայկական կողմը սկսած 1992 թ. արդյունավետ կերպով համագործակցում է ԿԽՄԿ-ի հետ եւ նպատակադրված է շարունակել այդ աշխատանքը։
ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության ղեկավարն իր հերթին նշել է, որ լինելով չեզոք, անկողմնակալ եւ անկախ կազմակերպություն` ԿԽՄԿ-ն տարածաշրջանում իր առաջնահերթություններից է համարում ղարաբաղյան հակամարտության հետեւանքով անհայտ կորած շուրջ 4500 անձանց ճակատագիրը պարզելուն ուղղված աշխատանքը:
Դավիթ Տոնոյանը տեղեկացրել է, որ ՀՀ ՊՆ իր լիազորությունների շրջանակներում պատրաստ է Կարմիր խաչի հովանու ներքո համագործակցել ադրբեջանական կողմի հետ անհետ կորածների տվյալների փոխանակման հարցում, որն ուղղված կլինի միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի իրագործմանը:





























