Արտասահմանի մասին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի բանաստեղծությունները չորեքշաբթի տպագրվել են «Ռուսկի պիոներ» ամսագրում։
«Դիվանագետը արտասահմանի մասին կարող է շատ երկար պատմել՝ չխորանալով դիվանագիտական խոհանոցի գաղտնիքների մեջ։ Սակայն դա դիվանագիտական առօրյայի մասին պատմող արձակ կլինի»,- գրել է նախարարը պարբերականի սյունյակում՝ հավելելով, որ այս կապակցությամբ նա որոշել է իր մտքերն արտահայտել պոեզիայով՝ «ցույց տալու համար, թե արտասահմանի թեման ինչպես է ընկալվում իմ սերնդակիցների կողմից քաղաքացիական պոեզիայի ձեւավորման տարբեր փուլերում»։
Ամսագիրը տպագրել է Լավրովի 3 բանաստեղծությունները։ Նրանցից առաջինը գրվել է 1995թ. երբ, հեղինակի խոսքով, թվում էր՝ ողջ երկիրը մեկնում է արտասահման։
Մյուս երկու բանաստեղծությունները, ըստ հեղինակի, նվիրված են իր ընկերոջը։
Սրանցից առաջինը գրվել է 1989թ. Նյու Յորքում, երբ Լավրովն աշխատում էր ՄԱԿ-ում ԽՍՀՄ մշտական ներկայացուցչությունում։ Իսկ երկրորդ՝ 1996թ. արդեն Ռուսաստանում, երբ Լավրովն ավարտել էր արտասահմանյան իր առաքելությունը։





























