Ազգային ժողովն այսօր՝ փետրվարի 4-ին, 6 ամսով հետաձգեց «Շրջանառության հարկի մասին» օրենքի փոփոխությունների կիրառումը:
Քվեարկությանը մասնակցած պատգամավորներից 75-ը կողմ է քվեարկել, 1-ը դեմ, իսկ 40-ը՝ ձեռնպահ:
Ձեռնպահ են քվեարկել ԲՀԿ, «Ժառանգություն» եւ ՕԵԿ խմբակցությունները, իսկ ՀՅԴ-ն՝ կողմ:
Նշենք, որ Կառավարությունը հունվարի 31-ի իր արտահերթ նիստում որոշել է ևս 5 ամսով հետաձգել «Շրջանառության հարկի մասին» օրենքի վիճահարույց պահանջի՝ ապրանքների փաստաթղթավորման կիրառումը։
Հիշեցնենք, որ 2014թ. հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտել «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքը, ըստ որի տոնավաճառների աշխատողները իրենց ապրանքաշրջանառության վերաբերյալ փաստաթղթեր պետք է ներկայացնեն հարկային մարմնին։ Նոր փոփոխությամբ՝ առաջին անգամ փաստաթուղթ չներկայացնելու դեպքում ձեռնարկությունը նախազգուշացում է ստանում, երկրորդ անգամ՝ տուգանվում 20 հազար դրամի չափով, երրորդ անգամ՝ շրջանառության հարկի 5 տոկոսի չափով: Կառավարությունը նոր օրենքը հիմնավորում է խոշոր բիզնեսը հարկային դաշտ բերելու անհրաժեշտությամբ։ Տոնավաճառների աշխատողների բողոքներից հետո միայն հոկտեմբերի 6-ին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է մինչեւ 2015թ. փետրվարի 1-ը հետաձգել «Շրջանառության հարկի» մասին օրենքում առկա գույքագրման պահանջը:





























