Ֆինանսների նախարարությունը պատրաստ է բոլոր շահագրգիռ կողմերի հետ քննարկել «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքը: Այս մասին այսօր՝ փետրվարի 4-ին, Ազգային ժողովում հայտարարել է ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը:
«Մենք շնորհակալ ենք պատգամավորներին բոլոր առաջարկների համար եւ պատրաստ ենք դրանք մանրամասն քննարկել: Մեզ համար կարեւոր է գտնել ամենաընդունված տարբերակը եւ պետական քաղաքականության, եւ բիզնեսի շահերի համար»,- հայտարարել է Միրումյանը:
Նշենք, որ Ազգային Ժողովը այսօր 6 ամսով հետաձգել է օրենքի կիրառումը:
Հիշեցնենք, որ 2014թ. հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտել «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքը, ըստ որի տոնավաճառների աշխատողները իրենց ապրանքաշրջանառության վերաբերյալ փաստաթղթեր պետք է ներկայացնեն հարկային մարմնին։ Նոր փոփոխությամբ՝ առաջին անգամ փաստաթուղթ չներկայացնելու դեպքում ձեռնարկությունը նախազգուշացում է ստանում, երկրորդ անգամ՝ տուգանվում 20 հազար դրամի չափով, երրորդ անգամ՝ շրջանառության հարկի 5 տոկոսի չափով: Կառավարությունը նոր օրենքը հիմնավորում է խոշոր բիզնեսը հարկային դաշտ բերելու անհրաժեշտությամբ։





























