Հարկային պարտավորությունները չկատարելու մեջ եւ ապօրինի ձեռնարկատիրության ծավալելու համար կալանավորված՝ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանին Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մեղադրանք է առաջադրել 7 դրվագով: Այս մասին NEWS.am-ին ասաց գործարարի փաստաբան Կարեն Սարդարյանը:

Ըստ մեղադրանքի՝ Հակոբ Հակոբյանը ծավալել է ապօրինի ձեռնարկատիրություն, որը զուգորդվել է անձանց, կազմակերպություններին կամ պետությանը խոշոր չափի վնաս պատճառելով, ինչպես նաեւ չարամտորեն խուսափել է հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց օրենսդրությամբ նախատեսված հաշվետվություններ, հաշվարկներ կամ հարկման հիմք հանդիսացող պարտադիր այլ փաստաթղթեր չներկայացնելու կամ նշված փաստաթղթերի մեջ ակնհայտ խեղաթյուրված տվյալներ մտցնելու միջոցով, որը կատարվել է խոշոր կամ առանձնապես խոշոր չափերով:

«Իմ պաշտպանյալը դատարանում հայտարարեց, որ եթե պետությանը փող է պետք, ինքը պատրաստ է տալ, բայց ինքը մեղավոր չէ: Հակոբ Հակոբյանը մասնավորապես ասաց. «Ես գույք ունեմ, որն ավելի թանկ է, քան այս մեղադրանքի ծավալը, գույքս վերցրեք կալանքի տակ, եթե պարզվի, որ ես մեղավոր եմ, ապա թող գույքս կառգրավվեք»: Բայց դատարանը դա էլ հաշվի չառավ ու կալանքի որոշում կայացրել»,- ասաց Կարեն Սարդարյանը:

Նշենք, որ Հակոբյանին կալանավորելու որոշում դատարանը կայացրել է փետրվարի 4-ին: Գործարարը տեղափոխվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: