Ադրբեջանում՝ ոստիկանության բաժանմունքներից մեկում, կտտանքների հետեւանքով վրա հասած բանտարկյալի մահը բողոքի մեծ ալիք է առաջ բերել։ Այս մասին գրում է haqqin.az-ը։

Փետրվարի 4-ին Տերտերի շրջանի ոստիկանության բաժանմունքի քննչական մեկուսարանում մահացել էր Սաբուհի Դունյամալիեւը։ Ենթադրաբար, մահը վրա է հասել կտտանքների հետեւանքով։ Միջադեպը բողոքի ալիք էր առաջ բերել շրջկենտրոնում։ 500 հոգանոց ամբոխը գրոհել էր Տերտերի ոստիկանական վարչությունը, կոտրել շինության ապակիները։

 «Իմ եղբորը այնքան էին ծեծել, մինչեւ լյարդը պայթել էր։ Ոստիկանության վարչություն էր ժամանել շտապ օգնության մեքենան, որը եղբորս տեղափոխել էր Գյանջա։ Նա մահացել էր Տերտեր վերադառնալուց մեկ ժամ անց։ Ոստիկանները վախից հայտարարեցին, թե նա բանտում կախվել է»,- հայտարարել է մահացածի քույրը՝ Սուսան Դունյամալիեւան։

Հիշեցնենք, որ անցյալ տարվա դեկտեմբերին Ադրբեջանում բանտում կտտանքներից մահացել էր մեկ այլ բանտարկյալ՝ Էլշադ Բաբաեւը։