Ազգային Ժողովն այսօր՝ փետրվարի 5-ին, երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Քվեարկությանը մասնակցած պատգամավորներից կողմ է քվեարկել 75-ը, ձեռնպահ՝ 19-ը: Օրինագծին դեմ քվեարկած պատգամավոր չկա:

Նշենք, որ Կառավարությունը հունվարի 31-ի իր արտահերթ նիստում որոշել է ևս 5 ամսով հետաձգել «Շրջանառության հարկի մասին» օրենքի վիճահարույց պահանջի՝ ապրանքների փաստաթղթավորման կիրառումը։

Հիշեցնենք, որ 2014թ. հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտել «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքը, ըստ որի տոնավաճառների աշխատողները իրենց ապրանքաշրջանառության վերաբերյալ փաստաթղթեր պետք է ներկայացնեն հարկային մարմնին։ Նոր փոփոխությամբ՝ առաջին անգամ փաստաթուղթ չներկայացնելու դեպքում ձեռնարկությունը նախազգուշացում է ստանում, երկրորդ անգամ՝ տուգանվում 20 հազար դրամի չափով, երրորդ անգամ՝ շրջանառության հարկի 5 տոկոսի չափով: Կառավարությունը նոր օրենքը հիմնավորում է խոշոր բիզնեսը հարկային դաշտ բերելու անհրաժեշտությամբ։ Տոնավաճառների աշխատողների բողոքներից հետո միայն հոկտեմբերի 6-ին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է մինչեւ 2015թ. փետրվարի 1-ը հետաձգել «Շրջանառության հարկի»  մասին օրենքում առկա գույքագրման պահանջը: