Համաժողովրդական շարժման հաջողությունը կախված է նրանից, թե ինչպես են եռյակի մասնակից ուժերը իրենց հարաբերություններում գործում անկեղծ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 5-ին, Գագիկ Ծառուկյանի հրավիրած խորհրդաժողովում հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:

«Մեր համակիրների կողմից տեսանելի են եռյակի խոհանոցում միմյանց նկատմամբ անվստահության դրսեւորումներ, ինչը վստահության առումով խնդիրներ է ստեղծում: Համաժողովրդական շարժման ղեկավարները պետք է գիտակցեն, որ մեծ պատասխանատվություն են կրում եւ հարթակից հնչող ամեն նախադասություն պիտի նախապես քննարկված ու համաձայնեցված լինի»,-հայտարարեց Ռուբեն Հակոբյանը:

Նրա խոսքով՝ «Ժառանգությունը» ողջունում է այն ուժերին, որոնք միացել են համաժողովրդական շարժմանը: «Շարժման ներկայացուցիչները պետք է խոսեն ամբողջական ճշմարտության լեզվով. սելեկտիվ ճշմարտությունն ավելի վտանգավոր է, քան սուտը: Եթե նշում ենք, որ նախորդ նախագահական ընտրությունները կեղծվել են, ապա պետք է նաեւ արդար լինել ու նշել, որ դրա ավանդույթը դրվել է 1996-ին: Դժվար է գտնել մեկ այլ երկիր, որտեղ եղել են չընտրված այնքան նախագահներ, որքան Հայաստանում»,-ասաց նա՝ հավելելով. «Միայն ամբողջական ճշմարտությունը կարող է համոզիչ ու ընկալելի լինել հասարակության համար: Պետք չի չնկատելու տալ սեփական սխալները եւ տեսնել ուրիշներինը: Առկա իրավիճակի համար բոլորս ունենք մեր պատասխանատվության բաժինը: Մենք բոլորս սպառել ենք սխալվելու իրավունքը»:

Անդրադառնալով ստեղված իրավիճակում հնարավոր ելքերին, Ռուբեն Հակոբյանը նշեց, որ լավագույն տարբերակն այն կլինի, եթե իշխանությունը հիմնական քաղաքական ուժերի հետ քննարկի իրավիճակը, հրաժարվի սահմանադրական բարեփոխումներից, որը իշխանական բուրգի վերաարտադրման խնդիր է լուծում եւ արդար ընտրություններ կազմակերպի:

«Հակառակ դեպքում՝ շարժումը պետք է հասնի արտահերթ ընտրությունների»,-ասաց Հակոբյանը: