Այսօրվա միջոցառումը նպատակ ունի համատեղ ջանքերով հետագա գործողությունների համար ճանապարհային քարտեզ գծել։ Այս մասին փետրվարի 5-ին ոչ իշխանական քաղաքական եւ հասարակական ուժերի ժողովի ժամանակ հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը։
Նրա խոսքով՝ իրենց նպատակն է ճիշտ քայլեր մշակել, որոնք կհանգեցնեն երկրում իշխանափոխության։ «Ժողովրդի պահանջը պետք է ուղեցույց լինի մեզ բոլորիս համար։ Հայաստանի իշխանությունները կորցրել են ժողովրդի վստահությունը, քանի որ բոլոր ասպարեզներում չհաջողված քաղաքականություն են վարում։ Ասեք ինձ գոնե մեկ ոլորտ, որտեղ Հայաստանի իշխանությունները պարտություն չեն կրել»,- հայտարարել է Զոհրաբյանը։
Նա նշել է, որ Հայաստանում տնտեսական ճգնաժամի ողջ մեղավորությունը կրող մարդիկ, այս դեպքում՝ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, բարձր պաշտոններ են զբաղեցնում։ «Նախկին վարչապետը պատասխանատու պաշտոնի է անցել ԱՄՆ-ում եւ տխրահռչակ Քիմ Քարդաշյանի պես իր նկարներն է զետեղում սոցիալական կայքերում»,- նշել է նա։
Զոհրաբյանի կարծիքով, քանի որ իշխանությունը անհրաժեշտ ռեսուրսներ չունի նման պաշտոնյաներին պատժելու համար, ժողովուրդը հիասթափվում է եւ լքում երկիրը։
«Առհասարակ հաշվի են նստում այն երկների հետ, որտեղ իշխանությունն ունի ժողովրդի աջակցությունը։ Մեր դեպքում իրավիճակը հակառակն է։ Դրանով Հայաստանի իշխանությունները ֆորպոստի կարգավիճակ են պիտակում իրենց»։
Անդրադառնալով սահմանադրական բարեփոխումներին՝ Զոհրաբյանը նշել է, որ ազնիվ չեն այն քաղաքական ուժերը, որոնք պաշտպանում են սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությունը։ «Նրանք զբաղված են դեմագոգիայով եւ փորձում են օգնել իշխանություններին ամրապնդել իրենց դիրքերը առաջիկա 10 տարիների համար»։





























