Մենք կարեւորում ենք, որ այսօրվա խորհրդաժողովը անցնի իսկապես բազմակարծության, առողջ քննարկումների, ինչու չէ՝ բանավեճերի մթնոլորտում, որոնց ժամանակ կհնչեն գործնական առաջարկներ ու լուծումներ: Այս մասին «Ոչ իշխանական քաղաքական եւ հասարակական ուժերի խորհրդաժողովին» հայտարարել է ԱԺ ԲՀԿ պատգամավոր Վահե Հովհաննիսյանը: 

Նա նշեց, որ «եթե մենք պայքարում ենք քաղաքական մենաշնորհի դեմ, պետք է առաջին հերթին պետք է թույլ չտանք դա հենց մեզ մոտ, մենք պետք է խուսափենք նաեւ մեզանում անձի պաշտամունքի դրեւորումներից»: Վահե Հովհաննիսյանի կարծիքով՝  խորհրդաժողովը կհամարվի հաջողված եթե կարողանան լուծել մի քանի խնդիր, առաջին՝ ցույց տալ հասարակությանը, որ իշխանությունից դուրս ձեւավորվել է լուրջ բեւեռ, որը հանդես է գալիս ծրագրային առաջարկներով եւ որը պատրաստ է վերցնել ցանկացած բեռ եւ պատասխանատվություն: Երկրորդ՝ եթե այս  միջոցառումից հետո, մեր ամենօրյա աշխատանքով մենք կարողանանք քայլ առ քայլ փոխել հասարակության մեջ որոշակի  անտարբերության եւ մշտապես չեզոք մնալու ցավոք, մեր հասարակությանը բնորոշ ոճը, ապա փոփոխությունները կլինին շատ ավելի արագ, երրորդ. Ես շատ կարեւորում եմ , որ այս դահլիճում նստած յուրաքանչյուրը գիտակցի պատասխանատվության իր չափը:

«Եվ վերջում, ես ուզում եմ կարեւորել մեկ խնդիր եւս: Իմ խորին համոզմամբ՝ մեր երկրում չի կարող լինել եւ չպետք է լինի ներքին թշնամանք եւ ներքին ատելություն: Ինչպես այս դահլիճում, այնպես էլ  Իշխանության մեջ կան գրագետ , պարկեշտ մարդիկ եւ շրջանակներ, որոնք անշուշտ, պետք է ունենան իրենց դերակատարումը Հայաստանի զարգացման գործում: Եվ ես վստահ եմ, որ մեր խորհրդաժողովում, իսկապես, տեղ չի ունենա թշնամանքի եւ անձնական վիրավորանքների բառապաշարը:Եվ խորհուրդ կտամ հետագա նիստերը  վարողներին այս հարցերում լինել կտրուկ եւ անհանդուրժող»,-ասաց ԲՀԿ-ական պատգամավորը: