Փետրվարի 4-ին տեղի ունեցավ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում ՀՀ ներկայացուցիչ, ֆրանկոֆոն դեսպանների խմբի նախագահ Քրիստիան Տեր-Ստեփանյանի եւ խմբի բյուրոյի անդամների աշխատանքային ճաշը Զարգացման եւ Ֆրանկոֆոնիայի հարցերով Ֆրանսիայի պետքարտուղար Աննիկ Ժերարդենի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին 2014թ. Դակարում կայացած Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի կողմից ընդունված առաջնայնությունները` 2015թ. Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի համատեքստում:

Դեսպան Տեր-Ստեփանյանը տիկին Ժերարդենին ներկայացրեց ֆրանկոֆոն դեսպանների խմբի կողմից 2015թ. ընթացքում իրականացվելիք գործողությունների ծրագիրը:

Զարգացման եւ Ֆրանկոֆոնիայի հարցերով Ֆրանսիայի պետքարտուղարն իր գոհունակությունը հայտնեց Ֆրանկոֆոնիայի արժեքների խրախուսման ուղղությամբ դեսպանների խմբի կողմից իրականացվող նախաձեռնությունների վերաբերյալ եւ պատրաստակամություն հայտնեց իր մասնակցությունը բերել հետագա նախաձեռնություններին: