ՆԱՏՕ-ն պլանավորում է կրկնակի մեծացնել Արձագանքման ուժերի քանակը Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունների եւ իսլամական արմատականության սպառնալիքի մեծացման հետեւանքով։ Այս մասին փետրվարի 5-ին ՆԱՏՕ-ի անդամ երկների պաշտպանության նախարարների հանդիպման նախաշեմին հայտարարել է ռազմական դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը։
Ինչպես գրում է ABC News-ը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ ակնկալվում է Արձագանքման ուժերի քանակը մեծացնել՝ 13 հազարից հասցնելով 30 հազարի։ Նրա խոսքով՝ պլանավորվում է նաեւ, որ ԱՄՆ պաշտպանության նախարար Չաք Հեյգելը եւ հանդիպման մյուս անդամները կհաստատեն 5000 զինծառայողից բաղկացած նոր գերարագ համատեղ խմբի ստեղծման մանրամասները։ Բացի այդ, փետրվարի 5-ին նախարարները «կանաչ լույս» կտան Լեհաստանում, Ռումինիայում, Բուլղարիայում եւ մերձբալթյան հանրապետություններում ՆԱՏՕ-ի հրամանատարական եւ կապի կետերի տեղակայմանը։ Այն հարցին ի պատասխան, թե ՆԱՏՕ-ի վերջին որոշումը չի հանգեցնի արդյոք Կրեմլի հետ հարաբերությունների սրմանը, Սթոլթենբերգը նշել է, որ միջոցառումները պաշտպանական բնույթ են կրում եւ գործադրվում են միայն ռուսական կողմի գործողությունների հետեւանքով։





























