Մենք խորապես անհանգստացած ենք տարեսկզբից միջազգային սահմանին եւ շփման գծում գրանցված միջադեպերով։ Այս մասին NEWS.am-ին հայտնել է Հայաստանում Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչը։
«Որքան շատ երիտասարդ զինծառայողներ են այս տարի ողբերգական մահով զոհվել կամ վիրավորվել։ Հրադադարի ռեժիմի հաճախակի խախտման եւ մահացու միջադեպերի գրանցման անցյալ տարվա միտումը շարունակվում է»,- հայտարարել է դեսպանը։
Նրա խոսքով՝ Բրիտանիան պաշտպանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Կրակովում տարածած հայտարարությունը, որը կոչ է անում կողմերին պահպանել հրադադարի պահպանման ռեժիմը, ինչպես նաեւ կոչ է անում Ադրբեջանին կատարել հակամարտության խաղաղ կարգավորման հարցում ստանձնած իր պարտավորությունները, իսկ Հայաստանին՝ միջոցներ ձեռնարկել լարվածության թուլացման համար։
«Կարեւոր է, որ միջազգային հանրությունը կրկնի այդ «մեսիջները» եւ հետագայում վստահության ամրապնդման միջոցներ ձեռնարկելու կոչեր անի։ Հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա»,- հայտարարել է դեսպանը։
Հիշեցնենք, որ Կրակովում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման ավարտին համանախագահների տարածած հայտարարությունում մասնավորապես ասված է. «Մենք Ադրբեջանին կոչ արեցինք հավատարիմ մնալ հրադադարի պահպանման ռեժիմին։ Մենք նաեւ կոչ ենք անում Հայաստանին քայլեր ձեռնարկել լարվածությունը թուլացնելու ուղղությամբ: Բռնությունը ջնջում է հանուն խաղաղության գործադրվող ջանքերը»:





























