Ֆրանս-հայկական «Nouvelles d'Arménie» պարբերականն այս տարվա փետրվարից այլեւս կրպակներում չի վաճառվի: Այս մասին գրել է «Nouvelles d'Arménie»-ի գլխավոր խմբագիր Արա Թորանյանը՝ նշելով, որ այդ որոշումը, ամենայն հավանականությամբ, վերջնական է:

Նա նշել է, որ ամսագրի տարածման համակարգը, որը հաշիվ է ներկայացնում չվաճառված ամսագրերի համար, դժվարացնում է փոքր շուկայում եկամուտ ապահովելու հնարավորությունը, եւ որ դժվարին իրավիճակում է ոչ միայն «Nouvelles d'Arménie»-ին, այլեւ Ֆրանսիայի այլ լրատվամիջոցներ:

Ամսագրի խմբագրի խոսքով, այս իրավիճակը պետք է ընթերցողներին մղի պատասխանատվություն ստանձնել սեփական մամուլի հանդեպ, քանի որ այն կարեւոր դեր ունի հայոց աշխարհի քաղաքական եւ մշակութային դինամիկայում:

«Առավել եւս, որ ազատ եւ որակյալ այդ մամուլն արժեքների կրող է, որը հաճախ հստակ շահեր է ներկայացնում: Բախվելով օտարերկրյա օլիգարխիկ արժեքների, որոնք ուղղված են սփյուռքում, ավելի կոնկրետ՝ Ֆրանսիայում իրենց ազդեցության ընդլայնմանը, հենց Ֆրանսիայի հայ համայնքը պետք է միջոցներ հատկացնի իր ձեռքբերումները պաշտպանելու համար»,- նշել է Արա Թորանյանը: