Կիեւյան կամրջից հունվարի 29-ին նետված 15-ամյա աղջկա վիճակը արդեն նորմալ է: Այս մասին NEWS.am-ին ասաց «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Սուրեն Մակարյանը:
Նա նշեց, որ աղջկա կյանքին վտանգ չի սպառնում, գիտակցությունը տեղն է, անգամ ջերմություն չունի: «Մի քանի աննշան բաներ կան, դրա համար է այժմ այստեղ, առաջիկա օրերին դուրս կգրվի»,-ասաց բժիշկը՝ հավելելով, որ այս միջադեպը որեւէ հետք չի թողնի նրա հետագա կյանքի վրա:
Սուրեն Մակարյանը նշեց, որ երեխան իրենց որեւէ բան չի հայտնել այդ քայլին դիմելու պատճառների մասին, իրենք էլ ոչինչ չեն հարցրել, «շատ խելացի, լավ երեխա է, նորմալ ընտանիքից, որեւէ շեղում չունի»:
Նշենք, որ 15-ամյա աղջիկը ընկնելու հետեւանքով ստացել է գլխուղեղի, կրծքավանդակի սալջարդ:
Հիշեցնենք, որ դեպքը պատահել էր հունվարի 29-ի երեկոյան: Աղջկան առաջինը նկատել են տարածքում աշխատող բանվորները եւ շտապօգնություն կանչել:




























