Իմպրեսիոնիստ Պոլ Գոգենի՝ «Երկու թաիթուհիները» նկարը վաճառվել է մոտավորապես 300 մլն դոլարով։ Այսպիսով՝ այն, ենթադրաբար, դարձել է աշխարհի ամենաթանկ կտավը։ Այս  մասին հայտնում են ԱՄՆ-ի ու Եվրոպայի մշակութային շուկայի ներկայացուցիչները։

1892թ. ստեղված Nafea Faa Ipoipo («Ե՞րբ է հարսանիքը») կտավը գտնվում էր շվեցարացի կոլեկցիոներ Ռուդոլֆ Շտեխելինի մասնավոր հավաքածուում։ Նկարի սեփականատերը հաստատել է դրա վաճառքը, սակայն հրաժարվել է նշել գործարքի գումարի չափը։ 

Իրավիճակին ծանոթ երկու արթ-դիլլեր  New York Times-ին հայտնել են, որ Գոգենի կտավը վաճառվել է Qatar Museums-ին, որը զբաղվում է էմիրության թանգարանների համար արվեստի գործեր հավաքելով։ Baer Faxt-ը հայտնում է, որ այն արժեցել է մոտավորապես 300 մլն դոլար։ Այս թիվը հաստատում են նաեւ այլ աղբյուրներ, գրում է  «ՌԻԱ Նովոստի»-ն։ 

Ներկայումս կտավը գտնվում է Բազելի Kunstmuseum թանգարանում, որտեղից այն կուղարկեն Մադրիդ՝ ցուցահանդեսի, իսկ այնուհետեւ՝ Վաշինգտոն։ Արվեստի գլուխգործոցի նոր սեփականատերերն այն կստանան միայն 2016թ. հունվարին, նշել է կտավի նախկին տերը։