Սահմանին զոհված զինծառայող Շեքսպիր Հակոբյանը պարգեւատրվել է «Մարտական ծառայության» մեդալով: NEWS.am-ը Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից տեղեկացավ, որ նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 6-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի շարքային Շեքսպիր Հակոբյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ փետրվարի 4-ի լույսի 5-ի գիշերն ու ողջ օրվա ընթացքում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից շարունակել է ինտենսիվ կերպով խախտել հրադադարի պահպանման ռեժիմը, ինչի հետեւանքով ժամը 16:15-ի սահմանում ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1990թ. ծնված Շեքսպիր Մխիթարի Հակոբյանը:





























