Երեւանի Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի 19-ամյա կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության քննությունը լրիվ օբյեկտիվ է լինելու: Այս մասին այսօր` փետրվարի 6-ին, «Մարդու իրավունքների պաշտպանությունը զինված ուժերում. 2014-ի գնահատականը» թեմայով քննարկմանը վստահեցրեց Կենտրոնական զինվորական դատախազության դատախազ Արթուր Անտոնյանը:

Դատախազի խոսքով` եթե ռազմական ինստիտուտից որեւէ մեկն աշխատանքից ազատվել է, դա չի նշանակում, որ քրեաիրավական առումով կապված է մահվան ելքի հետ:

«Եթե նման բան ապացուցվի նախաքննության ընթացքում, ապա այդ անձինք քրեական պատասխանատվության կենթարկվեն»,- ասաց Արթուր Անտոնյանը:

Նշենք, որ այս դեպքից հետո աշխատանքից ազատվել է ռազմական ինստիտուտի պետ Մարտին Կարապետյանը, այլ պատասխանատու անձինք:

Հիշեցնենք, որ հունվարի 29-ին՝ ժամը 06:35-ի սահմանում Երեւանում տեղակայված ուսումնական զորամասերից մեկի մարզահրապարակում հայտնաբերվել էր նույն զորամասի 1-ին կուրսի ուսանող Հայկազ Արկադիի Բարսեղյանի դին՝ պտտաձողի վրա պարանով կախված վիճակում:Հարազատները NEWS.am-ին պատմել էին, որ նրան նախ ծեծել են, ապա կախել։ Հիշեցնենք, որ ՊՆ Սեյրան Օհանյանի խոսքով՝ Հայկազի սպանությանը նախորդել է վեճը առայակիցների հետ, սպանության համար մեղադրվողները եղել են ալկոհոլի ազդեցության տակ։ Հարազատները կարծում են, որ նման հաշվեհարդարի պատճառն այն է եղել, որ Հայկազը չի ենթարկվել ինտիտուտում 4 ծառայակիցների ստեղծած վախի մթնոլորտին:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով: Մեղադրանք է առաջադրվել Հայկազ Բարսեղյանի համածառայակիցներ Վաչե Սահակյանին, Մովսես Ազարյանին, Գնել Թեւոսյանին եւ Նորիկ Սահակյանին, նրանք կալանավորված են:

Հայկազ Բարսեղյանը Արարատի մարզի Նիզամի գյուղում, ընտանիքի ավագ որդին էր, նա երկու եղբայր ունի՝ 8 եւ 12 տարեկան: Հայկազի ընտանիքն ապրում է սոցիալական ծանր պայմաններում: