Այսօրվա դրությամբ Հայաստանի արդեն 50-60 հազար քաղաքացիներ բարդ իրավիճակում են հայտնվել. նրանք մեկնել են Ռուսաստանի տարածքից, հիմնականում գտնվում են Հայաստանում եւ չեն կարող հետ վերադառնալ այնտեղ, քանի որ խախտել են այդ երկրի միգրացիոն օրենսդրության պահանջները: Այդ մասին այսօր՝ փետրվարի 6-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության Միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը:

Նրա խոսքով՝ Ռուսաստանի միգրացիոն օրենսդրության խստացման հետեւանքով որոշակի խախտում թույլ տված քաղաքացիներին արգելվում է մուտք գործել Ռուսաստանի տարածք: «Ըստ ռուսական աղբյուրների՝ ներկայումս ավելի քան 3 մլն մարդ հայտնվել է Ռուսաստանի օրենսդրական նորմերը խախտողների թվում: Նրանց նկատմամբ մինչեւ 10 տարվա արգելք կկիրառվի», - հաղորդել է Գագիկ Եգանյանը: Նրանցից ավելի քան 180 հազարը Հայաստանի քաղաքացիներ են:  «Ռուսական կողմի հետ բանակցությունների արդյունքում մենք համաձայնության եկանք, որ դեպի Ռուսաստան մուտքի արգելքի չեղարկման վերաբերյալ Հայատանի քաղաքացիների դիմումները համապատասխան փաստաթղթերի հետ միասին փոխանցվեն ռուսական կողմին: Մենք արդեն 3600 դիմում ենք փոխանցել», - նշել է Եգանյանը: Նրա խոսքով՝ օրական մոտ 50-60 քաղաքացի է դիմում Հայաստանի Միգրացիոն ծառայությունը: «Մենք արդեն 2800-2900 դիմումի պատասխան ենք ստացել: Դրական ելքով պատասխանները կազմում են 22-23%», - ընդգծել է Գագիկ Եգանյանը: Մնացած դեպքերում կամ նշվում է, որ մեկնման արգելքը կապված է տվյալ անձի նկատմամբ դատական վճռի առկայության հետ: «Կամ էլ պատասխանում են, որ այդ անձի նկատմամբ դեպի Ռուսաստան մեկնման արգելքի չեղարկման հիմքեր չեն տեսնում»,-նշել է Հայաստանի միգրացիոն ծառայության պետը: