Ըստ էության, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարություններում որեւէ նոր բան չկար: Այս մասին, այսօր՝ փետրվարի 6-ին, ԱԺ ճեպազրույցների ժամանակ նշել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով ԲՀԿ նախաձեռնած ոչ իշխանական ուժերի խորհրդաժողովում Գագիկ Ծառուկյանի ելույթին:
«Այն, որ իշխող կուսակցությունը չպետք է իրեն նույնացնի պետության հետ, ՀՅԴ-ն ասել է անթիվ անգամներ: Ականջ ունեցողը կլսի»,-ասել է Ռուստամյանը:
Նույնկերպ, ՀՅԴ-ն ասել է, որ իշխանափոխությունը չպետք է սահմանափակվի մարդկանց փոփոխությամբ, պետք է վերացնել այս իրավիճակը ստեղծող հիմքերը: Անհրաժեշտ է նստել եւ քննարկել մյուս ուժերի հետ անհրաժետ քայլերը, եւ ժողովրդին չթողնել խաբված վիճակում, ինչպես արվել է նախկինում, նշել է ՀՅԴ-ական գործիչը:
«Հիշեք 1990-91 թվականների ընտրություններն անխոցելի էին, իսկ դրանից հետո ժողովրդավարությունն ամրապնդվե՞ց: Ոչ, որովհետեւ 1995 թվականի սահմանադրությունը թաղեց այն իշխանության գերկենտրոնացման համար հիմքեր ստեղծելով: Հենց այդ հիմքերը պետք է վերացնել»,-ամփոփել է Ռուստամյանը:





























