Հայաստանից Ռուսաստան մեկնած աշխատանքային միգրանտների՝ նախկինում ձեռքբերված արտոնագրերը ուժի մեջ են դրանում նշված ժամկետի շրջանակներում: Այդ մասին այսօր՝ փետրվարի 6-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության Միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը:

Նա հստակեցրել է, որ շնորհիվ այդ արտոնագրի, կարելի է գտնվել եւ աշխատել Ռուսաստանում մինչեւ դրանում նշված ժամկետը: «Այդ ժամկետը լրանալուց հետո 30 օրվա ընթացքում նրանց հնարավորություն է տրվում կամ աշխտանքային պայմանագիր կամ ծառայությունների մատուցման մասին պայմանագիր կնքել, որը զգալիորեն թեթեւ է, քան արտոնագրի եւ անհրաժեշտ փաստաթղթերի ձեռքբերումը», - նշել է Գագիկ Եգանյանը: Եթե աշխատանքային միգրանտը իր պայմանագրի գործողության շրջանակներում այս կամ այն պատճառով չի կարող շարունակել աշխատանքը, ապա պարտավոր է անմիջապես վերադառնալ Հայաստան:

Շատ կարեւոր է, որ նշված ժամկետները պահպանվեն: Մնացած դեպքերում նրանք կդառնան միգրացիոն օրենսդրության խախտողներ», - ընդգծել է Գագիկ Եգանյանը:

Միգրացիոն ծառայության պետը նաեւ հավելել է, որ www.smsmta.am կայքում կարելի է գտնել Ռուսաստան մեկնող աշխատանքային միգրանտներին անհրաժեշտ ողջ տեղեկատվությունը, ինչպես օրինակ, «Այդ մասին պետք է իմանան Ռուսաստան մեկնող աշխատանքային միգրատները» խորագրով բաժնում: