Իշխող ՀՀԿ-ն ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ելույթը կքննարկի կուսակցության ԳՄ առաջիկա նիստում: Այս մասին այսօր՝ փետրվարի 6-ին, ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարել է խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Նա հիշեցրել է, որ խորհրդարանի խոսնակ, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանն արդեն մեկնաբանել է այդ հայտարարությունը: Ընդհանուր առմամբ, Գագիկ Ծառուկյանի նախաձեռնած խորհրդաժողովի հարցը կքննարկվի ՀՀԿ գործադիր մարմնի առաջիկա նիստում, որին կհետեւի համապատասխան հայտարարություն: «Մենք իհարկե, չենք կարող պատասխանել բոլոր հայտարարություններին, բայց ընդհանուր կարծիք կհայտնենք ՀՀԿ ԳՄ նիստում»,-ընդգծել է Բաղդասարյանը:

Հիշեցնենք, որ փետրվարի 5-ին կայացած ոչ իշխանական ուժերի խորհրդաժողովում ունեցած իր ելույթում Ծառուկյանը հայտարարել է, որ «գնդակը հիմա իշխանությունների դաշտում է, բայց քայլերը չեն կարող ձգվել մինչեւ անվերջություն», հակառակ դեպքում անհրաժեշտ է իշխանափոխություն: